«Թող սարքի, վա՞տ է՝ թուրքերի համար է սարքում»
Իրավունք
13:59 15/04/2025

«Թող սարքի, վա՞տ է՝ թուրքերի համար է սարքում»

Մի քանի օր առաջ տաքսի պատվիրեցի Արգիշտի փողոցի շենքակույտի մոտ։ Ու քանի որ դեպի շինարարական դռդռոց բեռնատարներ էին խցկվում բռթբռթոցով, տաքսու վարորդին չբարկացնելու համար առաջացա, որ նեղ տեղերը չմտնի։

Երբ մոտավորապես դա բացատրեցի վարորդին (թե ինչու տեղումս չեմ), ասաց.


- Թող սարքեն, ինչի՞ չսարքեն։

- Էլ տեղ չկա, ոչ շենքի, ոչ ծառի, ոչ խաղի, ոչ մեքենայի, ոչ տաքսի սպասելու,-զարմացա ես։

-Թող սարքի, վա՞տ է, թուրքի համար է սարքում, ինչի չսարքի,-երկրորդեց վարորդը։



Լռեցի։ Չհասկացա։ Շտապում էի, ձայն չհանեցի։ Կարող է դառը կատա՞կ էր՝ մտածեցի։



Հիմա քեզ, Տիգրան Ավինյան. Էդ որ Արգիշտի փողոցի ամեն սմ-ի վրա շենք ես կանգնեցնում, օրենքո՞վ է, թե՞ ուղղակի սրտովդ է։ Ինչ եք մտածում, երբ շենքակույտերի մեջ հերթական շենքի կառուցման թույլտվությունն եք տալիս։
 

 Նայում ես պատուհանից՝ ցերեկվա ժամ է, մութ։ Մի տեղ էր մնացել, որտեղից արև էր ընկնում, հիմա էլ այդտեղ եք փորում, որ նոր շենք կանգնեցնեք։
 

Այսօր վարագույրներ տեսա, գրված էր՝ արևապաշտպան, մի քանի վայրկյան մտածում էի, թե դա ինչի համար է։ Պիտի խորհուրդ տալ, որ գրեն՝ հարևանիդ հայացքից թաքնվելու համար։
 

Տարիներ առաջ, երբ թաղամասում արդեն քանի շենքեր կային, պայմանագիր կապելիս ասում էին, որ նոր շենքեր չեն լինի՝ խաղահրապարակ, այգի։ Մի 10 հատ ավելացան։ Նվազ սակուռադ ինչ է, դրա տեղն էլ չկա։
 

Միայն փոշի ու դռռոց։ Ամեն օր, 8 ժամ անդադար։ Ավինյան, ըդըդըդըդբըբըտըտը, քեզնից սպասելի է, կարող է և թուրքերի համար է։ Եթե նույնիսկ ոչ, մեկ է՝ սա լրիվ թրքություն է։ 



Այսքան բազմաբնակարան շենքերի բնակիչներ լսում են քաղաքապետարանի կազմակերպած ութժամյա գալա-համերգը, Տիգրան Ավինյան, դուք էլ լսեք։



Անահիտ Ոսկանյան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Թող սարքի, վա՞տ է՝ թուրքերի համար է սարքում»